30/12/2021 11:33
Քանի դեռ Նիկոլն ու իր թիմը իշխանության են, ընդդիմության նկատմամբ կամայականությունները շարունակվելու են. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար
Ընդդիմությանը բովանդակային պատասխանելու փոխարեն ընդդիմադիր գործիչներին փորձում են վախեցնել կեղծ քրեական գործերով ու ձերբակալություններով։ Սա շատ արատավոր երևույթ է, որ հարվածի տակ է դնում առաջին հերթին մեր պետության հեղինակությունը։ Այսօր մենք մեծ քայլերով հետ ենք գնում ժողովրդավարական արժեքներից, hraparak.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մյուս կողմից՝ իրավապահ համակարգն իշխանության կամակատարն է դարձել՝ բառի բուն իմաստով։ Բայց ես ուզում եմ նորից դիմել այդ գործառույթներն այսօր կատարող մեր սպաներին՝ հիշեցնելով, որ ոչինչ, այդ թվում՝ այսօրվա իշխանությունը, հավերժ չէ։ Գալու է պատասխան տալու ժամանակը, և օրենքի առաջ պատասխան են տալու բոլորը՝ իրենց գործողությունների կամ հանցավոր անգործության համար», - ասել է նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե որքան են շարունակվելու այս կամայականությունները, Արթուր Վանեցյանը պատասխանել է՝ այնքան, քանի դեռ Նիկոլն ու իր թիմը իշխանության են։
«Բռնությունը, ատելությունը նրանց էության մի մասն են, նրանց ձեռագիրն են։ Ասվածի վկայությունը վերջին ՏԻՄ ընտրություններն էին ու դրանց արդյունքում իշխանությունների ապօրինությունները։ Վերջերս ես այցելեցի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում պահվում է Վանաձորի ընտրված ավագանի Մամիկոն Ասլանյանը։ Ես ուրախությամբ կարող եմ նշել, որ Մամիկոնի տրամադրվածությունը խիստ մարտական էր, և պատրաստակամությունը բարձր՝ մինչև վերջ պայքարելու», - ասել է Արթուր Վանեցյանը։