04/01/2022 12:37
«Համայնքապետարանի շենքը ՔՊ-ի սեփականությունը չէ»․ ոստիկանները թույլ չտվեցին Վարդենիսի ավագանուն մտնել համայնքապետարանի շենք․ Ահարոն Խաչատրյանը երդվեց դրսում
Վարդենիսում այսօր նախատեսված էր 2021 թվականի դեկտեմբերի 30-ի ավագանու նիստի արդյունքներով համայնքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը։
Համայնքապետարանի ներսում և դրսում, սակայն, ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացվել, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների անդամներին, որոնք եկել էին երդմնակալության արարողությունն անցկացնելու, թույլ չտվեցին ներս մտնել համայնքապետարանի շենք։
Ոստիկաններն ավագանու անդամներին տեղեկացրին, որ Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան, և մինչև վճռի կայացումը համայնքապետարանի դռները փակ են լինելու ընդդիմադիր դաշինքների ավագանու անդամների առջև։
«Եթե դատարանը հայցի ապահովման որևէ միջոց չի ընդունել, նաև չունենք դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, որ դեկտեմբերի 30-ի ավագանու նիստի ժամանակ ընդունված որոշումն անվավեր է, ապա գործում է այն կանխավարկածը, որ առաջնային մանդատով օժտված իշխանության մարմնի որոշումը իրավազոր, իրավաչափ է, ուստի ավագանին պետք է մտնի համայնքապետարան, անցկացնի իր աշխատանքային պարտականություններից բխող գործողությունները, իսկ ոստիկանությունը ոչ թե պետք է խոչընդոտի, այլ, ղեկավարվելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով, օժանդակի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձանց՝ իրենք աշխատանքային պարտականությունն իրականացնելու գործում։ Երդմնակալության արարողության համար հրավիրված նիստը ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ աշխատանքային պարտականություն։ Ըստ այդմ, ոստիկանությունը պետք է ապահովի ՏԻՄ-ի բնականոն գործունեությունը»,- ի պատասխան հայտարարեց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա և ավագանու ընդդիմադիր անդամներն ընդգծեցին՝ ոստիկանությունը սահմանազանցում է իր լիազորությունները, որովհետև չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով անվավեր կճանաչվեն դեկտեմբերի 30-ի ավագանու նիստի արդյունքները, համաձայն որոնց Վարդենիսի համայնքապետ է ընտրվել Ահարոն Խաչատրյանը՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» կոալիցիոն դաշինքների ձայների արդյունքում։
«Մենք ունենք օրենսդրություն, համաձայն որի հաղթում է այն ուժը, որը կազմում է կոալիցիա։ Ամեն ինչ օրենքի պահպանմամբ է կատարվել, 50+1 տոկոս չհավաքած ուժերը կարող են կազմել կոալիցիա, մենք կազմել ենք, համայնքի ղեկավար ենք ընտրել Ահարոն Խաչատրյանին։ Իսկ համայնքապետարանի շենքը որևէ մեկի սեփականությունը չէ։ Եթե իրենք (ՔՊ-ն-խմբ․) սեփականության սկզբունքներով են աշխատում, ապա դա ժողովրդավարության, օրինականության ամենակոպիտ խախտում է»,- հայտարարեցին «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչները։
Ոստիկանությունն այս փաստարկներին անհաղորդ մնաց, և երկու ընդդիմադիր դաշինքների ձայներով համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը կազմակերպվեց դրսում՝ համայնքապետարանի շենքի առջև։
Արարողակարգից հետո ավագանու ընդդիմադիր անդամները գնացին «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շտաբ, իսկ մինչ այդ տեղեկացրին, որ սպասելու են ՔՊ-ի ներկայացրած հայցով Վարչական դատարանի որոշմանը, որը պետք է կայացվի 7-օրյա ժամկետում։