Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցները վաղ առավոտվանից բողոքի ակցիա են իրականացնում։
Հիվանդանոցի շուրջ 80 աշխատակցի դեկտեմբերի 30-ին տեղեկացրել են, որ ազատելու են աշխատանքից։
«Դեկտեմբերի 30-ին ժողով հրավիրեցին, բոլորիս ասացին՝ դիմումներ գրեք։ Ներկայացված դիմումի մեջ գրված էր՝ խնդրում եմ՝ մեզ ազատել աշխատանքից մեր դիմումի համաձայն: Բոլորիս ասացին, որ մինչև հունվարի 15-ն իրավունք ունենք աշխատելու, դրանից հետո ազատված ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից Լեյլի Հովհաննիսյանը։
Նա պատմեց, որ ժողովի ընթացքում հիվանդանոցի իրավաբանն իրենց ասել է, որ դիմումը գրեն, թե չգրեն, միևնույն է՝ ազատված են աշխատանքից։
«Երբ պահանջեցինք ասել, թե մեզ ինչի համար են աշխատանքից հեռացնում, մեկը ինձ ասացին, որ ես լավ եմ ապրում, դրա համար, մյուսին ասացին՝ դու բնական «շուբա» ես հագնում, մեկին ասացին՝ դու մեքենա ունես, դրա համար, մյուսը՝ ամուսին ունի։ Իրավաբանն ամեն մեկիս ներկայացրեց մեր պատճառները, բայց ոչ մեկին չասացին, թե աշխատանքում թերացումներ ունեք: Քովիդի ժամանակ 45 հիվանդի հետ մենակ եմ աշխատել։ Անցած տարվա փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին ասացին, թե ստորագրեք, որ դուք Քովիդի հետ չեք աշխատել, որպեսզի մեզ ցածր վճարեին: Շատ գումարներ է եկել հիվանդանոց, բայց ստիպված ստորագրել ենք», - ասաց Լեյլի Հովհաննիսյանը։
Աշխատակիցներից մեկն էլ ասաց, թե վաղուց խոսակցություններ կային, որ ինֆեկցիոն հիվանդանոցը փակվելու է, «ռեմոնտի» է կանգնելու:
«Բայց խոսակցություն կար, որ մեզ պետք է տեղավորեին ուրիշ տեղեր։ Եկավ էս րոպեն ու մեզ ասացին, թե դիմում գրեք, որ ձեր դիմումի համաձայն եք ազատվում», - ասաց նա։
Աշխատակիցը նշեց, թե տնօրենին չեն ճանաչում, չգիտեն էլ՝ ում դիմեն։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: