10/01/2022 12:08
Նուր-Սուլթանում մահացած է հայտնաբերվել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետը
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամատ Իբրաևին մահացած են հայտնաբերել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով ԱԱԿ-ին:
«2022 թվականի հունվարի 10-ին Նուր-Սուլթան քաղաքում հայտնաբերվել է ԱԱԿ-ի գնդապետ Ազամաթ Իբրաևի դին։ Կատարվում է նախաքննություն»,- նշված է Ազգային անվտանգության կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Ղազախստանում 2022 թվականի սկզբին զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ հեղուկ գազի թանկացման։
Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում և սկսել հակաահաբեկչական գործողություն։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է Ղազախստանի անվտանգության 16 աշխատակից։
Հիշեցնենք` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ղազախստանում ստեղծված իրավիճակին և այդ երկրի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին։
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», - նշել էր Փաշինյանը: