13/01/2022 11:57
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. ժամը 04:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի դի տեղափոխող ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ամբողջ հատվածը մերկասառույց է, տեղի ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ և միայն ողբերգական վթարից հետո են ժամանել, որպեսզի սկսեն իրենց աշխատանքը: