14/01/2022 13:55
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն իր գործունեության զգալի մասը նվիրել է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հակառակը՝ զբաղվել է Ցեղասպանության ժխտմամբ. Թուրքագետ
Հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն աշխատանքային գործունեության զգալի մասը նվիրել է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և նպաստել երկկողմ բարեկամությանը, այլ հակառակը՝ զբաղվել է Հայոց Ցեղասպանության ժխտմամբ և հակահայկական միջոցառումներ կազմակերպելով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
«Հայկական և թուրքական կողմերի ներկայացուցիչները բավականին անհամաչափ են ներկայացված։ Մի կողմից բանակցելու է երիտասարդ, դիվանագիտական, քաղաքական և բանակցային փորձ չունեցող երիտասարդ, մյուս կողմից բավականին պատկառելի դիվանագիտական և աշխատանքային փորձ ունեցող, ավելին՝ դիվանագիտական իր գործունեության շուրջ 8 տարին Հայոց ցեղասպանության ժխտմանը և հակահայկական միջոցառումների կազմակերպմանը նվիրած անձը», - ասաց Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետը հիշեցրեց, որ Սերդար Քըլըչը 2014-2021 թթ. հատուկ նշանակվել է ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ կանխելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու փորձը։
«Այդ ամբողջ ընթացքում նա կազմակերպել է հակահայկական ակցիաներ, թուրքական լոբբի է իրականացրել ընդդեմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի, այսինքն՝ Կոնգրեսում պաշտպանել է թուրքական շահը։
Այժմ, նման գործչի մոտ մենք ուղարկում ենք երիտասարդ, դեռևս փորձ չունեցող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին», - ասաց Անդրանիկ Իսպիրյանը։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը երեկ հայտարարել էր, թե այս հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։