14/01/2022 15:26
Ռուսաստանին, մեծ հաշվով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում պետք չէ. Արմեն Բաղդասարյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաստն ինքնին դրական է, սակայն գործընթացի առնչությամբ չարժե մեծ ակնկալիքներ և պատրանքներ ունենալ։ Ավելին, ամենայն հավանականությամբ, այս քննարկումները ձևական բնույթ կկրեն և որևէ արդյունք չեն տա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։
«Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն։ Ասեմ՝ ինչու. Նախևառաջ այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում, արդեն մտահոգիչ է, որովհետև որքան էլ պաշտոնական Մոսկվան հայտարարի իր դրական վերաբերմունքի մասին, ակնհայտ է որ Ռուսաստանին, մեծ հաշվով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում պետք չէ։
Մոսկվան այդ հարցն ընկալում է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման համատեքստում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ հայ-թուրքական հարաբերություների կարգավորում նշանակում է նաև հաղորդակցության ուղիների բացում, այսինքն, Թուրքիայի՝ դեպի արևելք առաջանալու հնարավորություն», - նշեց քաղաքագետը։
Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թուլացնում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու հիմնավորումները։
«Դրա համար էլ Ռուսաստանը, որքան էլ ձևացնի, թե կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իրականում չի նպաստի գործընթացին։ Դրա համար էլ ասում եմ, որ պետք չէ շատ մեծ ակնկալիքներ ունենալ և սպասել, որ ինչ-որ ժամանակ հետո այդ հարաբերությունները կկարգավորվեն», - ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը երեկ հայտարարել էր, թե այս հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։