14/01/2022 19:07
Բանակցությունների ընթացքում Թուրքիան կփորձի ուժեղ ճնշում գործադրել հայկական կողմի վրա. Ռուբեն Սաֆրաստյան
Դատելով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների՝ Մոսկվայում այսօր կայացած հանդիպումից, բանակցային գործընթացը կշարունակվի։ Սակայն երբ Թուրքիան հայտարարում է, որ բանակցելու է առանց նախապայմանների, կարծում եմ՝ նախապայմանները ոչ թե որպես նախապայման, այլ որպես քննարկման խնդիրներ վաղ թե ուշ դրվելու են բանակցային սեղանին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Որովհետև դրանք այնպիսի հարցեր են, որոնք շատ կարևոր են Թուրքիայի համար։ Թուրքիան, իհարկե, կփորձի ուժեղ ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ հաշվի առնելով պատերազմում կրած պարտությունից հետո ստեղծված վիճակը։ Պետք է հույս ունենալ, որ հայկական կողմն այդ ճնշմանը չի ենթարկվի և սկզբունքային հարցերում զիջումների չի գնա», - ասաց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ կասկածից վեր է, որ թուրք ներկայացուցիչը չափազանց փորձառու է և լավատեղյակ Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության բոլոր հիմնահարցերին։
«Սարդար Քըլըչը տարիներ շարունակ եղել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Իսկ հիմա նրա համար հատուկ պաշտոն է ստեղծվել՝ Հայաստանի գործերով ներկայացուցիչ։ Նա այս պաշտոնով դուրս է բերվել ԱԳՆ համակարգից և այժմ ուղղակիորեն ենթարկվում է Թուրքիայի փոխնախագահին։ Սա բացառիկ երևույթ է և վկայում է այն մասին, որ այդ մարդն ինքն է որոշելու՝ ինչ հարցեր ներկայացնի թուրքական կողմը։
Քըլըչը, բացի այն, որ շատ փորձառու է, նաև շատ լավ գիտի հայկական խնդիրները։ Ամեն դեպքում, երբ կողմերը որոշեն ինչ-որ սկզբունքային հարցի շուրջ որոշումներ ընդունել, դրանք պետք է ընդունեն երկրի ղեկավարները։ Այդ առումով, թե ով է բանակցում, արդեն այդքան էլ կարևոր չէ», - ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչն այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են կառուցողական և ապաքաղաքականացված երկխոսություն վարել՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։