14/01/2022 13:26
Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր հարց է. ԵՄ-ն ողջունում է. Տոյվո Կլաար
Ողջունում եմ Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև կայանալիք հանդիպման մասին լուրը, թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Ողջունում եմ Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև կայանալիք հանդիպման մասին լուրը: Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր հարց է, որին ԵՄ-ն լիովին աջակցում է», - գրել է Կլաարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը երեկ հայտարարել էր, թե, իրենց տպավորությամբ, Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։
Նա նշել էր, թե այս հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։
«Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը», - ասել էր ԱԳՆ խոսնակը