15/01/2022 12:22
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը
ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին երկխոսությունը, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան` հայտնել են այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունից:
«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Հիշեցնենք` Մոսկվայում երեկ տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։
Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։