15/01/2022 17:17
«Հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության համար». ԵՄ-ն խրախուսում է հայ-թուրքական երկխոսությունը
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամությունը՝ աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այս մասին հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն։
«Եվրամիությունը ողջունում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու Թուրքիայի և Հայաստանի պատրաստակամությունը»,-նշել է Ստանոն:
Եվրամիությունից հայտնել են, թե խրախուսում են Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։
«Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության, հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»,-ընդգծել է նա:
Նշվել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ հարաբերություններում։
«2014 թվականից ի վեր՝ ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել նախագծերին, որոնք նպատակ ունեն հիմք նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Մոսկվայում երեկ տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։
Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։