15/01/2022 11:43
ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
ՆԱՏՕ-ն ողջունում է Մոսկվայում հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը:
«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Մենք խրախուսում ենք Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրել»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
Հիշեցնենք` Մոսկվայում երեկ տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։
Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։