17/01/2022 21:35
Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ Մուհամեդ մարգարեի մասին նրա խոսքերի համար
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ մահմեդականները ողջունում են Մուհամեդ մարգարեի վերաբերյալ ՌԴ նախագահի խոսքերը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Իմրան Խանն ընդգծել է, որ Պակիստանի հասարակության մոտ, ինչպես նաև ամբողջ մահմեդական աշխարհում մեծ աջակցություն է ստացել 2021 թվականի դեկտեմբերի 23-ի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահի հնչեցրած հայտարարությունը՝ ազատ կարծիքի արտահայտման պատրվակով կրոնական, ազգային կամ սոցիալական խմբերի արժանապատվությունը նսեմացնող գործողությունների անթույլատրելիության մասին»,-նշվում է Կրեմլի հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի վերջին կայացած ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մուհամեդ մարգարեին վիրավորանք ուղղելը «խախտում է կրոնական դավանանքի ազատությունը և Իսլամ դավանողների սուրբ զգացմունքները», նմանատիպ վարքի պատճառով «կյանքի են կոչվում այլ, ավելի ծայրահեղ դրսևորումներ»։ Պուտինը որպես օրինակ էր բերել Փարիզում, «Charlie Hebdo» ամսագրի խմբագրությունում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ հայտնի ծաղրանկարի հրապարակումից հետո։