17/01/2022 10:46
«Նրանք խաղաղության դարաշրջան հռչակված ժամանակահատվածում մեր ունեցած հերթական ցավալի կորուստներն են». ԱԺ-ում հարգեցին զոհված զինվորների հիշատակը
Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հիշեցրեց Ազգային ժողովին, որ Վարդենիսի հատվածում ունեցել ենք երեք զոհ:
«Նրանք խաղաղության դարաշրջան հռչակված ժամանակահատվածում մեր ունեցած հերթական ցավալի կորուստներն են, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր հերոս տղաների հիշատակը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք՝ հոնվարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։
Նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել էր համարժեք գործողությունների։
Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
ՊՆ-ն ավելի ուշ հաղորդեց, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում նույն օրը՝ կեսգիշերին, հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: