18/01/2022 19:26
Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Ղազախստանում
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի կողմից վերջերս Ուկրաինա կատարած այցը, քննարկվել են ներուկրաինական կարգավորմանը վերաբերող հարցեր՝ ծավալվող Կիևի ապակառուցողական քաղաքականության պատճառով»,- նշված է Կրեմլի պաշտոնական տեղեկագրում։
Ըստ հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին պատմել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ շփումների մասին՝ առնչվող Ռուսաստանին տրվելիք անվտանգության երաշխիքների խնդրին։
Մտքեր են փոխանակվել Ղազախստանում վերջերս ծավալված իրադարձությունների վերաբերյալ, գոհունակություն է հնչել, որ հաջողվել է իրավիճակն օպերատիվորեն կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։
«Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման տրամադրվածությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։