18/01/2022 21:32
Ղազախստանի իշխող կուսակցության փոխնախագահը կոչ է արել չքննադատել Նազարբաևին և զուգահեռներ է տարել նրա և Աթաթուրքի միջև
Ղազախստանի իշխող «Նուր Օթան» կուսակցության փոխնախագահ Բաուիրժան Բայբեքը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրելը փոքրոգություն է։
«Նուր Օթանի» մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, կուսակցության տարածքային մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Բայբեքը հայտարարել է, որ այս օրերին շատերն են տարբեր կարծիքներ հայտնում Ղազախստանի առաջին նախագահի վերաբերյալ։
«Իհարկե, միշտ լինում են սխալներ, որոնք պետք է ուղղել, բայց մեղադրել Նուրսուլթան Նազարբաևին բոլոր մեղքերում՝ երկրի նախագահի պաշտոնը թողնելուց հետո, ցածր քայլ է և պատիվ չի բերում առանձին քաղաքացիների»,- ասել է «Նուր Օթանի» փոխնախագահը։
Նա հավելել է, որ պատմությունն էլ է ապացուցում՝ մեծ իրադարձություններն ու անհատի դերը չեն կարող միանշանակ գնահատվել։ Ղազախստանի իշխող կուսակցության փոխնախագահն այս համատեքստում զուգահեռներ է տարել Նուրսուլթան Նազարբաևի և Աթաթուրքի միջև։
«Բազմաթիվ հակասական կարծիքներ կան Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին, բայց նա եղել է և մնում է պատմական դեմք՝ ժամանակակից թուրքական պետության հիմնադիրը»,- ասել է Բաուիրժան Բայբեքը և ավելացրել, որ 90-ականների ծանր ժամանակաշրջանում, Նազարբաևի կառավարման օրոք, Ղազախստանն անկախություն է ձեռք բերել, սահմանների դեմարկացիա անցկացրել և պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, ինչն իր արժանի գնահատականը կգտնի իրենց պատմության էջերում։