18/01/2022 19:15
«Ես իրատեսական չեմ համարում, որ Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, որովհետև Ուկրաինան սովորական երկիր չէ, ուժեղ երկիր է»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իրատեսական չի համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժելը»։ Թեմային Էրդողանն անդրադարձել է Ալբանիայից վերադառնալիս, ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Ես իրատեսական չեմ համարում, որ Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, որովհետև Ուկրաինան սովորական երկիր չէ, ուժեղ երկիր է։ Բացի այդ, Ռուսաստանը, նման քայլ կատարելու համար, պետք է վերագնահատի իրավիճակն ամբողջ աշխարհում, ինչպես նաև իր սեփական վիճակը»,- ըստ թուրքական լրատվամիջոցների, ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ առաջիկայում բանակցելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով վերջերս է այցելել Ուկրաինա։
«Իհարկե, մենք պետք է այդ հարցերը քննարկենք նաև պարոն Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը։
Նա կոչ է արել դադարեցնել Դոնբասի հակամարտությունն ու հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ինքը բարձրաձայնում է Թուրքիայի դիրքորոշումը՝ ընդդեմ Ղրիմի «օկուպացիայի»։
«Մեր ԱԳ նախարարը ևս այդ մասին հայտնում է իր զրուցակիցներին։ Այնպես որ, մեր քաղաքականությունն այս առումով պարզ է»,- ասել է Էրդողանը։