18/01/2022 18:55
Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը չի կարող տեղի ունենալ Փաշինյանի օրոք, որովհետև մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի․ Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող երկու կուսակցություններից ՀՀԿ առաջնորդը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը, և «Պատիվ ունեմ» խմբակցությունը իրապես առանց նախապայմանների կարգավորման հետ կապված իր կարծիքը բազմիցս հայտնել է, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի,ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով:
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող իրականացվել հայ ժողովրդի մեջքի հետևում․ ընթացիկ յուրաքանչուր իրադարձության վերաբերյալ տեղեկություն ստացվել է հիմնականում Թուրքիայից, հետո արդեն ՀՀ ԱԳՆ-ից, իսկ Ստոկհոլմում երկու երկրների ԱԳ նախարարների ոչ ֆորմալ հանդիպման մասին առհասարակ տեղեկություն չի տարածվել:
«Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն իսկ ասել է, որ յուրաքանչյուր քայլը խորհրդակցում, համաձայնեցնում են Ադրբեջանի հետ: Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հաշվին, թեպետ արդեն իսկ տեսել ենք ԱԳՆ արտահայտությունը: Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ՝ արհամարհելով Սփյուռքի կարծիքը, չլսելով և չխորհրդակցելով Սփյուռքի հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հայկ Մամիջանյանը հավելեց՝ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ լռելյայն՝ կուլ տալով այն բոլոր վայրագություններն ու հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և լկտիաբար դա ընդունում է պաշտոնապես:
«Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների: Հիշեցնեմ` Ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի կողմից, որի անդամ է նաև Թուրքիան, տարածվեց հաղորդագրություն, որտեղ կարևորվում էր ուժի չկիրառման սկզբունքը, իսկ այս պատերազմին Թուրքիան անմիջական մասնակից էր»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Ըստ նրա, գործընթացը անտրամաբանական է սկսել ենթադրաբար հեռացող նախագահի օրոք, քանի որ հաջորդ տարին Թուրքիայում ընտրական է, Էրդողանի վերընտրվելու շանսերը շատ ցածր են, իսկ նա համարվում է պանթուրքիստական նկրտումներով ղեկավար:
«Այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Փաշինյանի օրոք, որովհետև մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։