18/01/2022 20:10
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով. թիրախավորված էր եկեղեցին, ոչ թե անհատապես Սրբազանը. փաստաբան
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման՝ հանցակազմի բացակայության հիմքով, «Փաստինֆո»-ին հայտնել է Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբան Արմինե Ֆանյանը։
Արքեպիսկոպոս Կճոյանի անունը դեռևս տարիներ առաջ էր շոշափվում օֆշորային սկանդալի մեջ՝ կապված գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Արքեպիսկոպոս Կճոյանից բացի, օֆշորային սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաև այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում ո՛չ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը չեն ներգրավվել որևէ դատավարական կարգավիճակով: Գործով մեղադրանք էր առաջադրվել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանին՝ խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: 2017թվականին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Սուքիասյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 16 տարի ժամկետով: Դատարանը վճռել էր մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու: Դատավճռից երկու տարի անց Վերաքննիչ քրեական դատարանը մեղմացրել է Սուքիասյանի մեղադրանքը և անմեղ ճանաչել՝ փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մասով: Իսկ իշխանափոխությունից հետո՝ 2020 թվականի ապրիլի 13-ին Նավասարդ Կճոյանին հրավիրել են ԱԱԾ և մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և խարդախության համար, սակայն, ինչպես հետագայում հիմնավորվեց, առանց բավարար հիմքերի։
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց մոտ երկու տարի անց՝ քրեական գործով վարույթը կարճվել է։ Փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել է, որ մինչ այդ միջնորդություն էին ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը, ներկայացրել փաստարկներ, որ մեղադրանքն անհիմն է, որովհետև որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ Սրբազանին վերագրվող որևէ արարք չկար, գործողությունները վերագրվում էին Աշոտ Սուքիասյանին։
«Մենք նաև այլ փաստերի համադրված վերլուծությամբ հիմնավորեցինք, որ չկա ընդհանրապես հանցագործություն և հարուցված քրեական հետապնդումն էլ արհեստածին է։ Թեև այդ փուլում մեր միջնորդությունը գլխավոր դատախազի կողմից մերժվեց, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց քրեական հետապնդումը դադարեցվեց և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման բովանդակությունն ուսումնասիրելու դեպքում հիմնականում նաև մեր փաստարկները կան, որոնք մենք բարձրացրել ենք նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության մեջ»,- նշել է Ֆանյանը։
Նախաքննության ընթացքում Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությամբ առերեսումներ չեն եղել, քանի որ, ըստ փաստաբանի, իր դեմ միակ վկայողը գործով տուժողն էր, այն էլ՝ ենթադրությունների տիրույթում, քանի որ որևէ փաստ չէր կարող ունենալ, որ Սրբազանը մասնակցել է որևէ հանցագործության և որևէ գործողություն է կատարել՝ իր գույքի հափշտակելուն ուղղված։ Իսկ թե, ի վերջո, ինչու և ինչ նպատակով է իրականացվել քրեական հետապնդումը՝ նկատի ունենալով նաև, որ այն իրականացվել է այս իշխանություններին եկեղեցու կողմից ցուցաբերվող դիմադրության ֆոնին՝ Ֆանյանը նշել է, որ իր համոզմամբ՝ սա եկեղեցին թուլացնելուն ուղղված հերթական քայլերից էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սրբազանը բավականին ազդեցիկ բարձրաստիճան հոգևորական է և նրա անվան շուրջ ցանկացած բացասական ինֆորմացիա կարող է ստվեր նետել Հայ առաքելական եկեղեցու վրա։
«Իմ կարծիքով՝ ավելի շատ թիրախավորվել էր եկեղեցին, ոչ թե անհատապես Սրբազանը, և այդ փուլում, հաշվի առնելով նաև թյուրընկալմամբ ուղղորդված հասարակական տրամադրությունները, ստացվեց այնպես, որ այս ինֆորմացիան ևս հասարակության որոշ շերտերի նյարդերը գրգռեց, և իշխանության մի շարք ներկայացուցիչներ նաև իրենց հրապարակային ելույթներում այս գործի մասին խոսեցին, ինչը մեծագույն սխալ էր, որովհետև գործում էր անմեղության կանխավարկածի սկզբունքը» ,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ համառ պայքարն ի վերջո տվեց իր պտուղները և քրեական հետապնդման մարմինն ընդունեց, որ հետապնդումն ուղղակի չի կարող շարունակվել, որովհետև սպառվել են բոլոր հնարավորությունները՝ ձեռք բերելու որևէ վերաբերելի ապացույց, որը կարող է որևէ առնչություն անգամ հիմնավորել ենթադրյալ հանցագործության հետ, որն, ըստ փաստաբանի, ի սկզբանե աբսուրդային էր։