18/01/2022 21:10
Դատախազությունը չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրականը. Հակակոռուպցիոն կոմիտեն որոշումն անօրինական է գնահատում
ՀՀ գլխավոր դատախազությունը լրացուցիչ քննության համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է վերադարձրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործը, News.am-ին հայտնել են ՀՀ դատախազությունից:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցին հայտնել են, որ ստացել են դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ:
«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշել են կառույցից։