18/01/2022 20:30
ՆԱՏՕ-ն ցանկանում է օկուպացնել Ուկրաինան․ Ռուսաստանը կարող է պատասխանել, բայց պարզ է, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել․ ՌԴ Պետդումայի նախագահ
ՆԱՏՕ-ն ձգտում է օկուպացնել Ուկրաինան, տեղեկատվական հարթությունում նախապատրաստում է իր ուժերի առաջխաղացումն ուկրաինական տարածքում, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Վերջին ամիսներին Ուկրաինայի շուրջ հիստերիա է բարձրացել․ կոնգրեսմեններն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներն ամբողջ աշխարհին վախեցնում են ռուսական կողմի «ներխուժմամբ»։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնը փորձում է արդարացնել իր էքսպանսիան ու ՆԱՏՕ-ի զորքերի առաջխաղացումը դեպի ռուսական սահմաններ։ Այս ամենը կարելի է որակել որպես տեղեկատվական նախապատրաստություն՝ դեպի Ուկրաինայի տարածք ՆԱՏՕ-ի առաջխաղացման համար։ Նրանց հրահանգիչները, խորհրդականներն արդեն այնտեղ են։ Հիմա նրանք մտածում են՝ ինչպես հիմնավորել իրենց զորքերի մուտքը։ Այլ կերպ ասած՝ ՆԱՏՕ-ն ձգտում է օկուպացնել Ուկրաինան»,- ասել է Վոլոդինը։
ՌԴ Պետդումայի նախագահն այս համատեքստում չափազանց կարևորել է անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսությունը, նշել է, որ պետք է ամեն ինչ անել՝ խաղաղությունը պահպանելու համար։
«Որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի ՆԱՏՕ-ն իր զորքերը մտցնի Ուկրաինայի տարածք։ Դա մեր քաղաքացիների և եվրոպական պետությունների քաղաքացիների անվտանգության հարցն է»,- ասել է նա։
«Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որպեսզի սարսափելի ողբերգություն տեղի ունենա․ աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել դրան։ Մենք պետք է բոլոր երկրների խորհրդարաններին հասցնենք այդ ինֆորմացիան, որպեսզի նրանք գիտակցեն իրենց պատասխանատվությունն ու հասկանան՝ ինչով դա կարող է ավարտվել։ Ռուսաստանը պատասխանելու բան ունի, բայց հասկանալի է, թե ինչպիսի հետևանքների դա կարող է հանգեցնել»,- հավելել է Վյաչեսլավ Վոլոդինը։