18/01/2022 21:00
ՀՀ-ում մարդիկ շատ հաճախ աղքատանում են առողջապահական ծախսերի պատճառով. ԱՆ-ն նոր համակարգ է մշակել՝ բժշկական ծառայությունները հասանելի դարձնելու համար
Հայաստանում ներդրվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, մանրամասնելով, որ հայեցակարգը պատրաստ է ու այն սահմանում է բժշկական այնպիսի փաթեթ, որը ներառում է առողջապահության ոլորտի 90 տոկոս ծառայությունները:
«Պետության կողմից որոշ խմբերի համար ապահովված է պետական ֆինանսավորում բժշկական ծառայություններ ստանալու համար: Սակայն բնակչության մի մեծ խմբի համար որևէ ձևով չի երաշխավորվում այդ բժշկական փաթեթի ծառայությունների հասանելիությունը: Բժշկական ծառայությունները հաճախ քաղաքացիներին անհասանելի են լինում թանկ լինելու առումով: Շատ հաճախ քաղաքացիները վարկեր են վերցնում, պարտք են անում, անշարժ գույք են վաճառում, որ կարողանան բժշկական ծախսերը հոգալ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում մարդիկ շատ հաճախ աղքատանում են առողջապահական ծախսերի պատճառով» , - ասաց փոխնախարարը։
Նա նշեց, թե այս ամենը հաշվի առնելով նախարարությունն աշխատանքներ է իրականացրել այս խնդիրների լուծման ուղղությամբ և նոր համակարգով փորձում է բժշկական ծառայությունները հասանելի դարձնել քաղաքացիներին։