18/01/2022 18:45
Խայտառակություն է, որ մարդիկ 30 օր եղել են գերեվարված Ադրբեջանում, բայց 40 օրից ավելի Հայաստանում կալանավորված են. Վարդևանյանը կոչ է անում շրջանառության մեջ դնել համաներման նախագիծ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իշխանությանը կոչ է անում դեռ 2021-ին Քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված ու ընթացք չստացած «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին ընթացք տալ:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ ընթացք տրվի 2021-ի սեպտեմբերին Քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված և այդպես էլ ընթացք չստացած համաներման մասին նախագծին: Դա ուղղակի նաև տրամաբանություն ունի իր մեջ՝ սկսած մինչև ռազմագերիների պայմաններում այն խայտառակ տեսարանները, որ տեսնում ենք, երբ մարդիկ, օրինակ, 30 օր եղել են գերեվարված Ադրբեջանում, բայց 40 օրից ավելի Հայաստանում կալանավորված են: Այս իրավիճակի լավագույն լուծումը կարող է լինել «Համաներման մասին» օրենքը»,-Ազգային ժողովում հայտարարեց Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, թե եթե նման նախագիծ բերվի ու դրվի շրջանառության մեջ ու իր մեջ ներառի նաև, օրինակ, նաև ծանր հանցագործությունները, ինքը կողմ կքվեարկի:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որով, մասնավորապես, առաջարկվում էր համաներում կիրառել ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին։
Նախագծով առաջարկվում էր համաներում կիրառել նաև ռազմական գործողությունները դադարելուց հետո մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թվականի մարտի 24-ը, քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ։