19/01/2022 19:45
Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է, կվերսկսվի վաղը՝ ժամը 11։00-ին, լրագրողներին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Դատարանը հարցրեց՝ արդյոք ունե՞նք ինքնաբացարկի միջնորդություն, ասացինք՝ դրան պատասխանելու համար որոշ հանգամանքներ պարզաբանելու անհրաժեշտություն կա, խնդրեցինք հայտնել, թե ինչ կարգով է գործն իրեն մակագրվել։ Բնականաբար, համակարգչով չի մակագրվել, այլ ձեռքով՝ դատարանի նախագահի կողմից։ Խնդրեցինք նաև, որ հայտնի՝ արդյոք տվյալ կա՞ գործում, որ մակագրումն օրենքով սահմանված կարգով է արվել՝ դատավորների ազգանունների այբբենական հաջորդականության կարգով, դատարանն էլ հայտնեց, որ նման տվյալ չկա, ենթադրեց, որ այդպես է։ Ենթադրությունը, սակայն, բավարար չէ։ Միջնորդեցինք, որ դատարանը նախագահից պարզի և փաստական տվյալ ներկայացնի՝ գործի մակագրման կարգը պահպանվե՞լ է, թե՞ ոչ։ Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել և դատարանի նախագահից պարզել այդ հանգամանքը։ Քանի որ այդ հարցը տվյալ պահին պարզաբանված չէր, դատական նիստը հետաձգվեց։ Տվյալ կստացվի, ըստ այդմ, նիստը կշարունակվի։ Վաղվա պատասխանից պարզ կլինի՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Ենթադրաբար, հայտնելու ենք, որովհետև մեզ համար, կարծես թե, պարզ է՝ ինչ պատասխան է լինելու։ Կամ ինքնաբացարկի միջնորդություն կլինի, կամ՝ ոչ, որից հետո արդեն ամբաստանյալների խափանման միջոցների փոփոխության հարցը կքննվի»,- հայտնել է փաստաբանը։
Պաշտպանական կողմը համոզված է՝ եթե քրեական գործը տվյալ դատավորին մակագրվել է ոչ թե օրենքով սահմանված կարգով՝ համակարգչով ու ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, այլ ձեռքով՝ դատարանի նախագահի կողմից, ապա ողջ դատաքննությունը, անկախ մնացած բոլոր հանգամանքներից, անօրինական է լինելու, քանի որ խախտվելու է դատավորի ընտրության պատահականության սկզբունքը։