19/01/2022 21:00
Մեծ Բրիտանիան Ուկրաինային սպառազինություն է տրամադրել՝ «Ռուսաստանից պաշտպանվելու համար»
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մի քանի հազար հակատանկային կառավարվող հրթիռներ է մատակարարել Ուկրաինային՝ որպես հիմնավորում նշելով, որ Ռուսաստանի կողմից «Ուկրաինա ներխուժելու լուրջ վտանգ կա»։
Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփփին։
«Մենք հազարավոր հակատանկային կառավարվող հրթիռներ ենք տրամադրել Ուկրաինայի բանակին»,- ասել է նա՝ Էլ-Բի-Սի ռադիոընկերությանը տված հարցազրույցում և հավելել, որ Ուկրաինան գտնվում է Ռուսաստանի «էքզիստենցիալ սպառնալիքի» ներքո։
«Մոսկվան պետք է հասկանա՝ ներխուժումը չի կարող առանց արյունահեղության լինել, դա այգում թեթև զբոսանք չէ»,- նշել է նա։
Օրեր առաջ էլ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսն էր հայտարարել, որ Միացյալ Թագավորությունը Կիևի պաշտպանունակության բարձրացման նպատակով օգնության նոր փաթեթ է պատրաստել․ Ուկրաինային մատակարարվելու է թեթև հակատանկային սպառազինություն՝ այդ երկրի սահմանների մոտ «ռուսական զորքերի կուտակմամբ» պայմանավորված։
Ուոլլեսը հայտնել էր նաև, որ սպառազինության տրամադրումից բացի, Լոնդոնը մի խումբ զինծառայողներ է ուղարկելու Ուկրաինա, որոնք անհրաժեշտ զինվորական պատրաստության գործընթաց կկազմակերպեն տեղի զինվորականների ու սպաների համար, ապա կվերադառնան հայրենիք։