19/01/2022 21:08
Ռուսաստանն անվերջ չի սպասելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանին․ գնդակը Վաշինգտոնի դաշտում է․ Սերգեյ Ռյաբկով
Ռուսաստանը մտադիր չէ անվերջ սպասել իր անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանին, գնդակը Վաշինգտոնի դաշտում է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք պատրաստ չենք անվերջ սպասել, դիվանագիտական-բյուրոկրատական քաշքշուկի, օպտիմալ ձևաչափերի փնտրտուքի մեջ ներքաշվել։ Մեզ հարկավոր է ուղիղ ու հասկանալի պատասխան, ընդ որում՝ գրավոր՝ մեր կողմից սեղանին դրված նախագծերի հոդված առ հոդված վերլուծությամբ»,- ասել է Ռյաբկովը՝ «Վալդայ» ակումբում իր ելույթի ժամանակ։
ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանը հասկանում է խնդրի բարդությունը, սակայն հարցը նման կերպով է ձևակերպում՝ պայմանավորված աննախադեպ իրավիճակով, որը ստեղծվել է «ԱՄՆ –ի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ապակառուցողական քաղաքականության» հետևանքով, Ռուսաստանի անվտանգությանն ուղված անմիջական սպառնալիքներով։
«Գնդակն այժմ, միանշանակ, ԱՄՆ-ի դաշտում է։ Հենց նրանց համառ քաղաքականությունն է հանգեցրել այս իրավիճակին»,- ասել է Ռյաբկովը։
«Մենք ակնկալում ենք ամերիկացիների հետ շարունակել երկխոսությունը այն հարցերի շուրջ, որոնք մեզ առաջնահերթ հետաքրքրում են»,- ավելացրել է նա։