19/01/2022 19:05
«Հանրակրթությա մասին» օրենքը պետք է մեկ ամբողջություն լինի, իսկ մեզ մոտ այն նման է կարկատանի. Ատոմ Մխիթարյան
«Հանրակրթությա մասին» օրենքի նախագիծն, իհարկե, փոփոխությունների անհրաժեշտություն ունի, և այնտեղ առկա հակասությունների ու թերությունների պատճառով մասնագետներից ու ուսուցիչներից բազմաթիվ դժգոհություններ ենք լսում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթութան փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
«Պետք է կետ առ կետ անդրադառնալ օրենքի նախագծին, ուսուցիչների հետ լայն քննարկում ունենալ։ Օրենքը պետք է մեկ ամբողջություն լինի, իսկ մեզ մոտ այն նման է կարկատանի, որովհետև ամեն անգամ ինչ-որ բան փոխվում է։ Վերջում ստացվում է ավելի վատ, քան օրենքը կար սկզբից»,- ասաց մասնագետը։
Անդրադառնալով «Հանրակրթությա մասին» օրենքի նախագծի այն դրույթին, որով առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաև մասնագիտական կրթություն չունեցող անձը, Ատոմ Մխիթարյանը նկատեց.
«Ամենայն հավանականությամբ, այս կետով ուզում են լուծել բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում ուսուցիչների պակասի խնդիրը։ Եվ սա իսկապես խնդիր է, որովհետև կան 100-ից ավելի թափուր հաստիքներ, հետևաբար, կա նաև ուսուցիչների պահանջարկ։
Բայց մյուս կողմից էլ այդ գյուղերում կան բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ, որոնք, սակայն, չեն կարողանում դպրոցում դասավանդել։ Վերոնշյալ դրույթը կարող է ինչ-որ ձևով լրացնել այս բացը, որը, կարծում եմ, դրական է։ Բայց այդ մարդկանց անպայման անհրաժեշտ է վերապատրաստել, մանկավարժական և դասավանդման մեթոդաբանություն սովորեցնել, որպեսզի նրանք կարողանան իրենց գիտելիքները փոխանցել աշակերտներին։
Սա, գուցե, պետք է օրենքի կամ ենթաօրենսդրական մակարդակով ամրագրել, ոչ թե ինչ-որ մեկին միանգամից որպես ուսուցիչ պատկերացնել։ Այդ մարդկանց վերապատրաստելը և նոր միայն դասարան թողնելը շատ օգտակար և դրական կլինի՝ կանխելով նաև արտագաղթը։ Եթե տեղում մասնագետներ ունենք, լավ է հենց տեղում նրանց պոտենցիալն օգտագործել»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։