20/01/2022 20:38
«Երևանի կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են բնականոն անկումներ և ծնունդներ»․ քաղաքապետարանն արձագանքել է կենդանիների անկման մասին լուրերին
Երևանի կենդանաբանական այգու բնականոն գործունեության խաթարման, առավել ևս կենդանիների՝ սովից անկումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, «Արմենպրես»-ին ասել են քաղաքապետարանից։
«Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կասկածելի պատճառներով կենդանիների անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը»:
Նշվում է, որ վերջնական եզրակացության համար նմուշներ են ուղարկվել լաբորատոր թունաբանական անալիզների, որոնց պատասխաններից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն: Ներկայում կենդանաբանական այգում պահվում է 21 սպիտակագլուխ անգղ: