20/01/2022 12:06
Դեսպանատներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են անհատի գրպանից. Փաշինյանը ծանր որոշում է կայացրել
Կառավարությունը վերանայեց արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը:
ԱԳՆ-ի առաջարկած «ազգային ինդեքսի» հիման վրա հաշվարկված փոխհատուցման չափերը առավելագույն օպտիմալ, ընդունելի և արդյունավետ չափաքանակներն են յուրաքանչյուր երկրի/քաղաքի համար:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, թե արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը, գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ քաղաքական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական, ապրանքների և ծառայությունների շարունակական գնաճի և այլն։
«Մինչ օրս գործող չափերը դասակարգված են ըստ երկրների խմբակային կատեգորիաներով, ինչը չի համապատասխանում նույն կատեգորիայում դասակարգված տարբեր երկրների կենսամակարդակին և անհրաժեշտ նվազագույն ծախսերին, և, բնականաբար, ստեղծում է հավելյալ անհամաչափություն:
Հետևաբար խիստ անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցումները համապատասխանեցնելու գործող կենսամակարդակին», - ներկայացրեց նախարարը։
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե դիվանագիտական ծառայության կազմակերպման գործում կան խորշեր։
«2018-19 թթ դրությամբ դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից, այսինքն՝ դեսպանատունը ֆինանսավորվում է անհատի գրպանից։ Մենք այսօր շատ ծանր որոշում ենք կայացրել և որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք և առաջին հերթին զբաղվենք դրանով։ Շատ հաճախ քննադատում ենք մեր դիվանագիտական ծառայությանը, բայց հարց տվե՞լ ենք, թե իրենք ինչ միջավայրում են աշխատում։ Թեկուզ մեր քաղաքական կապիտալը զրոյացնելու հաշվին պետք է ՀՀ-ում պետական ինստիտուտների և պատական համակարգի կայացման ճանապարհով գնանք։ Լինելու են քննադատություններ, շահարկումներ, մենք ոչ մի քննադատություն չենք արհամարհում, բայց մենք ունենք կամք՝ մեր անելիքն անելու, և մենք մեր անելիքն անելու ենք», - հայտարարեց վարչապետը։
Այսպիսով, կարգավորումը թույլ կտա ապահովել ոչ միայն դիվանագետի և նրա ընտանիքի տեղափոխման ընթացքում առաջացած ծախսերը (ուղեբեռի գումար), այլև սկզբնական ընթացիկ ծախսերը հոգալ գործուղման առաջին ամսվա ընթացքում՝ մինչև իր հասանելիք վճարումները ստանալը։