20/01/2022 20:15
Ադրբեջանական գերությունից վերադարձած և կալանավորված Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն է ներկայացվել դատարան, նրա ոտքն ամպուտացնելու վտանգ կա․ պաշտպան
Ադրբեջանական գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, Tert.am-ին հայտնել է Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը։
«Առաջին ատյանի դատարան է միջնորդությունը ներկայացվել՝ նոր հանգամանքներ ի հայտ գալու հիմքով։ Մեզ տեղեկացրել են նախաքննության ավարտի մասին։ Բացի այդ, երեկ բժիշկները Արեն Արամյանին հայտնել են, որ եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ ամպուտացնեն ոտքը։ Լրատվականների և պատգամավոր Տիգրան Աբրահամյանի անդրադարձից հետո միայն, երեկ և այսօր հետազոտություններ են իրականացրել։ Սպասում ենք նաև բժշկական հետազոտության գրավոր պատասխանները ստանալուն։ Միջնորդել ենք նաև գրավը թույլատրելի ճանաչելու հարցով»,-ասել է նա։
Խափանման միջոցի հարցով միջնորդությունը հունվարի 21-ին, ժամը 14։00-ին է քննարկվելու։ Պաշտպանի խոսքով ՝ ակնհայտ է, որ այս պահին զինծառայողի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, ավելին՝ հղի է ճակատագրական հետևանքներով։ Նրա խոսքով` այժմ Արեն Արամյանը վերականգնողական բուժում չի ստանում, հոգեբանորեն էլ լավ վիճակում չէ։
Պաշտպանը նշել է, որ կալանքի հիմքեր առկա չեն, գործով անցնող անձանց հետ առերսումներ եղել են, նախաքննությունն ավարտվել է, դրա ընթացքին իր պաշտպանյալի կողմից որևէ ձևով խոչընդոտելու փորձ չի եղել։
Դեկտեմբերի 11-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արամյանը ՀՀ վերադառնալուց հետո կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով։ Արեն Արամյանը ադրբեջանցիների կողմից գերեվարվել է նոյեմբերի 16-ին Սյունիքում սկված ռազմական բախումների ժամանակ, իսկ հետո վերադարձվել էր Հայաստան։ Արեն Արամյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանը վստահ է, որ նա դատարանում արդարացվելու է, քանի որ փաստեր կան, որ գերեվարվել է ոտքի շրջանում ծանր վիրավորվելուց, ինչպես նաև գլխի շրջանում ստացած հարվածից ուշաթափվելուց հետո։
Արեն Արամյանը Ադրբեջանում 2 վիրահատության է ենթարկվել, վերադառնալուց հետո կարճ ժամանակ կենտրոնական զինվորական հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է եղել։