20/01/2022 08:58
ՀՀ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, բուք, Վարդենյաց լեռնանցքը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Տաթև ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։
Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևանում, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք է) տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-29-րդ կմ-ին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։