
20/01/2022 11:32
Չամուսնացած, ծնողներ ու զավակներ չունեցած զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողների մասով փոխհատուցում կստանան հարազատ քույրերն ու եղբայրները
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 101 կողմ ձայն. դեմ, ձեռնպահ չկար:
Փոփոխություններով առաջարկվում է հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զոհվածի քրոջը, եղբորը, եթե մյուս շահառուները համարվում են բացակայող, ինչպես նաև շահառու համարել փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կնոջը, եթե ունեն համատեղ երեխա:
Հիշեցնենք, որ գործող օրենքով շահառու են համարվում զոհված զինծառայողների ծնողները, ամուսինը, երեխաները: