
20/01/2022 13:44
Հայաստանում համացանցով կատարված խաղադրույքները ավելացել են 6 անգամ. փոխնախարար
Ֆինանսների նախարարությունը սկսել է մշտադիտարկումներ իրականացնել գովազդային դաշտում. պարզվել է` 2020 թվականին համացանցով կատարված խաղադրույքները, համեմատած 2018 թվականի հետ, ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը՝ 3 անգամ։
«Համադրելով միջազգային միտումները այդ ոլորտի՝ հասկացել ենք, որ մեր մոտ մի քանի անգամներով այն զարգանում է։ Նաև ռիսկեր կան, որ խաղամոլությունն է զարգանում։ Ուսումնասիրել ենք միջազգային փորձը՝ հասկանալու, թե որքան է խաղամոլության ռիսկը կախված խաղացողներից. Օրինակ Մեծ Բրիտանիան, իրենց մոտ 6 խաղացողից մեկը դառնում է խաղամոլ։ Մեզ մոտ 6 անգամ աճել է այդ ցուցանիշը ու այս առումով հասկացել ենք, որ ռիսկեր ունենք, վերադարձել ենք այն կարգավորումներին, որը ունեցել ենք մինչև 2019 թվականը և առաջարկում ենք ինտերնետ շահումով խաղերի մասին գովազդը սահմանափակել՝ թողնելով միայն չորս աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում», - Ազգային ժողովում հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն ու հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում:
Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները կհապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակուներին՝ ավելի հավասարակշռված ու մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու՝ հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով:
Նախագիծը դժգոհություն է առաջացրել գովազդային մեդիա ոլորտում. գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը (60-70 տոկոս) գոյանում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի շնորհիվ, սակայն Ֆինանսների նախարարության հաշվարկներով այն կազմում է 20-25 տոկոս: