
20/01/2022 11:25
Անդրանիկ Քոչարյանի տեղակալի ընտրության հարցը ՔՊ-ն կլուծի. Արթուր Ղազինյանը «կողմ» քվեարկեց
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
Առաջարկվում է օրենքում լրացում անել և սահմանել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 68 կողմ, 33 դեմ ձայն: Ի դեպ, նախագծին կողմ քվեարկեց նաև «Հայաաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, թե, նկատի ունենալով, որ նախագիծը վերաբերում է ԱԺ աշխատանքների կազմակերպմանը, ապա ավելի հիմնարար քննարկումների կարիք կա:
«Հակառակ դեպքում, այն, ինչ ներկայացված է, ընդամենը ընդդիմությանը վերապահված որոշակի պաշտոնների զավթման գործընթաց է ընկալվում: Եթե ուզում եք հիմնարար լուծել այդ հարցը, հրաժարվեք այդ մտքից, ավելի լավ է հիմա դեմ քվեարկեք, նստենք իրար հետ քննարկենք, հակառակ դեպքում, կստացվի, որ փոփոխություն է արվում այդ պաշտոնը ընդդիմությունից խլելու համար», - ասաց Արծվիկ Մինասյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հորդորեց նորից նայել իրենց խմբակցության հայտարարությունն առ այն, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
«Այս փոփոխությունը կատարվում է նրա համար, որ այս պահին խորհրդարանական ընդդիմությունը, չկարողանա քաղաքական շոուներ կազմակերպելով, փորձել խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը», - ասաց նա:
Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, վերջինիս թեկնածությանը, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ չէ: