21/01/2022 17:31
Նյութեր են նախապատրաստում իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար․ որպես հիմք է հանդիսանալու «ծանր վիրավորանք պարունակող հրապարակում կատարելը»․ Շահեն Հարությունյան
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը հայտարարել է, որ քաղաքական դրդապատճառներով իր նկատմամբ քրեական հետապնդում է նախապատրաստվում։
«Հրավիրվել էի ոստիկանություն:
Պարզվում է, որ կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից, քանի որ իրեն մեղադրել եմ ազգակործան լինելու և հայրենիքի դավաճանություններ իրականացնելու մեջ: ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության նախաձեռնությամբ նյութեր են նախապատրաստվում իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսանալու «անձի հանրային գործնեությամբ պայմանավորված առերևույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում կատարելը»:
Ահա, թե ինչ է լինում, երբ երկիրը վստահվում է մի աթոռապաշտ դավաճանի, ով խայտառակ կապիտուլացիայի է ենթարկում պետությունը և այդքանից հետո կրկին վերարտադրվում է՝ ստանձնելով երկրի ղեկավարումը:
Նիկոլ Փաշինյան ազգադավը շատ լավ գիտի, որ նման քրեական գործերով հաստատ ինձ չեն կարող լռեցնել: 14 տարեկանից լինելով քաղաքական պայքարի մեջ՝ բազմաթիվ անգամներ եմ ենթարկվել քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, և, հատկանշական է այն, որ որոշ անգամներ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ոստիկանության բաժանմունքում ականատես եղել իմ քամահրական վերաբերմունքին՝ ինձ ուղղված սպառնալիքների նկատմամբ:
Ինչպես հիմա, այդպես էլ դատարանում վերահաստատելու եմ իմ քաղաքական դիրքորոշումներն ու գնահատականները՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա կատարած հայրենիքի դավաճանությունների մասին»,- գրել է Շահեն Հարությունյանը։