
21/01/2022 20:57
Ղրղզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ղազախստանին
Ղրղզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ղազախստանին՝ այդ երկրի ուժայինների կողմից Ղրղզստանի քաղաքացի Չոլպոնբայ Սիդիկովի նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ Ալմաթիում Ղրղզստանի հյուպատոսությունը հայտնել էր, որ իրենց դիվանագետները գտել են անկարգությունների ժամանակ անհետացած Ղրղզստանի քաղաքացի Սիդիկովին․ նա մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ կողերի, ոտքերի կոտրվածք։ Սիդիկովն իր հերթին սոցցանցում հայտարարել է, որ իրեն դաժան ծեծի են ենթարկել Ղազախստանի իրավապահները։
Այս կապակցությամբ այսօր Ղրղզստանի ԱԳՆ է հրավիրվել Ղազախստանի հյուպատոսը։
Նրան բողոքի նոտա է հանձնվել։ Ղրղզական կողմը մտահոգություն է հայտնել իր երկրի քաղաքացի Սիդիկովի նկատմամբ Ղազախստանի իրավապահ կառույցների որոշ ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ գործողություններ իրականացնելու կապակցությամբ՝ նշելով, որ դրանց հետևանքով նրա առողջությանը ծանր վնաս է հասցվել։
Ղրղզստանի ԱԳՆ-ում հայտարարել են նաև, որ անհրաժեշտ են համարում նշված միջադեպի անաչառ քննությունից հետո պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ղրղզստանի քաղաքացուն վճարել փոխհատուցում։