22/01/2022 15:52
«Մեր եղբայրությունն անցել է ժամանակի և պատմության բոլոր փորձությունները»․ Հունաստանում ՀՀ դեսպանի ուղերձը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ
«Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով հունվարի 21-ին Հունաստանի ամենատարբեր քաղաքների նշանավոր կառույցները լուսավորվել են հայկական եռագույնով. հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում»,- ասել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունարենով հղած իր ուղերձում՝ Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
«Այսօր լրանում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։ Հունաստանն այն հազվագյուտ երկրներից է և հույներն այն եզակի ժողովուրդներից են, որոնց հետ մեր հարաբերությունները և բարեկամությունը ունեն հազարամյակների պատմություն»,-նշել է դեսպանն ուղերձում:
Նա ընդգծել է, որ հույն և հայ ժողովուրդները կիսում են ընդհանուր արժեքներ, սկզբունքներ, ընդհանուր սպառնալիքներ ու ակնկալիքներ։
«Մեր եղբայրությունն անցել է ժամանակի և պատմության բոլոր փորձությունները՝ ըստ այդմ դառնալով ավելի ամուր։ Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում»,-ասել է Մկրտչյանը:
Դեսպանը շեշտել է, որ երկու երկրների հարաբերությունների 30 ամյակը նշվում է քաղաքական ամենաբարձր մակարդակի սերտ կապերով, երկրներն էլ ավելի են խորացնելու տնտեսական և առևտրային կապերը, որի համար կա պարարտ հող։
«Մշակութային դիվանագիտությունը հզորագույն գործիք է՝ թե՛ հույների, թե՛ հայերիս համար, և չնայած կարծում ենք, թե բավարար ճանաչում ենք միմյանց, սակայն միշտ կա ավելին իմանալու և ավելի շատ փոխհարաբերվելու տեղ։ Մշակույթով միմյանց ճանաչելու և սիրելու հնարավորություններն անսպառ են։ Ռազմական բարձր մակարդակի հարաբերություններն էլ ավելի են խորանում, ինչն ուրախալի, բայց նաև կարևորագույն հանգամանք է»,-նշել է դեսպանը:
Տիգրան Մկրտչյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Հունաստանի քաղաքական գործիչներին, հունահայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք 30 տարիների ընթացքում անուրանալի ներդրում են ունեցել հայ-հունական առանձնաշնորհյալ հարաբերությունների կառուցման և կայացման համար։