22/01/2022 12:45
Լրագրողների աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները վնասում են երկրի ժողովրդավարությանը. ՄԻՊ-ը զգուշացնում է պաշտոնյաներին
Ուզում եմ պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները ոչ միայն մեծացնում են լրագրողի աշխատանքի նկատմամբ կարծրատիպերը, այլ նաև վնասակար են երկրի ժողովրդավարական և մարդու իրավունքների համակարգի համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Սա պետք է բոլորը նկատի ունենան, առաջնահերթ՝ պաշտոնյաները», - ասաց Արման Թաթոյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։
Լրագրողական կազմակերպությունները դատապարտել էին իշխող ուժի ներկայացուցչի այս վարքագիծն ու բառամթերքը՝ նշելով, թե դրանք ոչ միայն հարիր չեն պատգամավորի կարգավիճակին և դրան վերաբերող էթիկական նորմերին, այլև անվստահություն են առաջացնում մի քաղաքական գործչի նկատմամբ, որը կոչված է զբաղվել օրենքներ ստեղծելով, այդ թվում՝ ուղղված վիրավորանքին ու ատելությանը հակազդելուն ու դրանց տարածման համար պատասխանատվություն սահմանելուն։