24/01/2022 15:51
Արմեն Սարգսյանը ոչ թե սպասում է, որ իրեն հեռացնեն, այլ ինքն է հեռանում՝ անգլիական ոճով դուռը շրխկացնելով. Վիգեն Հակոբյան
Արմեն Սարգսյանը շատ հստակ հասկանում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սկսվել, որի նախաձեռնողը իշխող քաղաքական ուժն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հասկանալի է, որ եթե պրոցեսը սկսվել է, ապա դրա ավարտն, ի վերջո, լինելու է նախագահական համակարգի անցման ռեֆերենդումը, և Արմեն Սարգսյանը շատ հստակ ընկալում է, որ այս գործընթացների դեպքում ինքը ժամանակավոր ֆիգուր է, որը որոշակի ժամանակահատվածում պետք է վավերացնի կասկածելի, անընդունելի տարբեր փաստաթղթեր՝ ստիպված լինելով իր վրա վերցնել պատասխաատվությունը կամ այն կիսելու Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Այժմ Արմեն Սարգսյանը փորձում է ոչ թե սպասել, թե իրեն երբ կհեռացնեն, այլ ինքն է հեռանում՝ նույնիսկ անգլիական ոճով դուռը շրխկացնելով։ Նա, այսպես ասած, առաջ է ընկնում։
Երկրորդ՝ Արմեն Սարգսյանի պարագայում կարող է լինել նաև արտաքին աշխարհաքաղաքական գործոն, որովհետև հաշվի առնելով վերջինիս դիրքավորումը անգլիական թագավորական պալատի հետ և ՌԴ-Արևմուտք՝ օր օրի սրվող հարաբերությունները, կարծում եմ՝ Արմեն Սարգսյանի առջև էլ որոշակի ընտրություն է դրվում։ Այժմ նրա համար, գուցե, շատ լավ պահ է քաղաքական դաշտից ֆիկտիվ հեռանալ՝ ոչ այս, ոչ այն կողմում չլինելով և ընտրության առջև չկանգնելով», - ասաց քաղտեխնոլոգը։
Որպես հրաժարականի հաջորդ հավանական պատճառ՝ Վիգեն Հակոբյանը նշեց նաև տնտեսական գործոնը։
«Գուցե Հայաստանում տնտեսական հետաքրքրությունները կորում են Արմեն Սարգսյանի մոտ։ Նա բավականին խոշոր բիզնեսմեն է, մեծ կարողությունների հետ գործ ունեցող մարդ, և հնարավոր է՝ իր և իր հետևում կանգնած միջազգային կորպորացիաների ունեցած հետաքրքրութունները մինչև վերջ չեն բավարարվել, մասնավորապես, կապված Ամուլսարի հետ», - ասաց մեր զրուցակիցը։
Քաղտեխնոլոգը միաժամանակ չբացառեց, որ հրաժարական ներկայացնելուց հետո Արմեն Սարգսյանը հետաքրքրություն դրսևորի քաղաքական նոր նախագծերում՝ առավել ակտիվ կամ քողարկված։
«Խոսքն ինչ-որ լիբերալ քաղաքական բևեռի ձևավորման մասին է։ Սա, իհարկե, ժամանակի հարց է», - ասաց Վիգեն Հակոբյանը՝ միաժամանակ բացառելով, որ Սարգսյանը հեռանում է նախապատրաստվող ինչ-որ փաստաթղթի պատճառով։
Հիշեցնենք, որ երեկ տարածած հրաժարականի տեքստում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր՝ շատ երկար է մտածել և որոշել է մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
«Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից», - գրել էր նա՝ ներկայացնելով հրաժարականի դրդապատճառները։