24/01/2022 10:07
Ձգտումը դեպի իշխանություն մի նպատակ պետք է հետապնդի՝ օգուտ բերել երկրին և ժողովրդին․ այդ նպատակով եմ ձգտում իշխանության՝ կարողանանք երկիրը ծայրահեղ ծանր վիճակից հանել․ Վանեցյան
Քաղաքականությունը իշխանատենչություն չէ․ իշխանության գալիս են, որպեսզի կարողանան կատարել ծրագրեր, որոնք օգուտ կբերեն երկրին և ժողովրդին, 24 TV-ի «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ձգտում է արդյոք իշխանության։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ընդգծել է՝ վարչապետ կամ նախագահ դառնալն ինքնանպատակ չպետք է լինի․ իշխանությունը պետք է պետության շահին ծառայեցնել, քաղաքական նպատակները՝ ևս։
«Եթե քաղաքականության մեջ եմ, իհարկե, պետք է ձգտեմ հասնել բարձրագույն կետին։ Բայց քաղաքականությունը միայն իշխանատենչություն չէ։ Հիմա, եթե ես ասեմ՝ երազում եմ դառնալ նախագահ, վարչապետ, դա կարող են մեկնաբանել որպես իշխանատենչություն, բայց եթե նաև չասեմ, որ նպատակ ունեմ հասնել իշխանության, ինձ հավատացող մարդիկ, մեր քաղաքական թիմին հավատացող մարդիկ, մեզ ձայն տված մարդիկ կասեն՝ բա, ինչի՞ համար ենք այս մարդուն հավատում, այս մարդու հետևից գնում։ Ուստի ձգտումը դեպի իշխանություն, իմ պատկերացմամբ, մի նպատակ պետք է հետապնդի․ գաս իշխանության, որ կարողանաս կատարել այն ծրագրերը, որոնք, քո կարծիքով, օգուտ են բերելու մեր երկրին և մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով, իհարկե այո, ես ձգտում եմ դեպի իշխանություն, որպեսզի կարողանանք մեր երկիրն այս ծայրահեղ ծանր վիճակից հանել և կարողանանք գնալ դեպի ապագա», - ասել է Արթուր Վանեցյանը։