24/01/2022 10:24
Նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար. Ալեն Սիմոնյանը մանրամասներ ներկայացրեց
Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի ԱԺ նախագահը, հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված, այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Իսկ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», - նշեց Սիմոնյանը: