24/01/2022 10:28
«Չեմ խուսափելու գնահատականներ տալուց». ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուին հիշեցրեցին «շնաբարո դուրսպրծուկներ, «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս» արտահայտությունները
Ազգային ժողովը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՄԻՊ-ի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին հիշեցրեց, որ ինքը խոսել է ատելության խոսքի դեմ սկզբունքային դիրքորոշման մասին, մինչդեռ ԱԺ ամբիոնից վերջին երեք տարիներին հնչել են բավական սուր ու անթույլատրելի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակել են ատելության խոսք:
«Մասնավորապես, «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս»: Խնդրում եմ ձեր հստակ դիրքորոշումը հայտնել վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական, որը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլ նաև պետության առաջին դեմքին», - նշեց Ղազինյանը:
Քրիստիննե Գրիգորյանն էլ նշեց, թե ատելության խոսքի, հարգանքի, քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է ու բոլորը պետք է բարձր պահեն այդ նշաձողը:
«Ես հետևողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով, որովհետև կարծում եմ`որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք», - ընդգծեց ՄԻՊ թեկնածուն: