24/01/2022 18:24
Ամենադաժան սցենարն Ուկրաինայի համար՝ լայնածավալ հարձակում միաժամանակ երկու ուղղությամբ՝ ՌԴ-ի տարածքից դեպի Խարկով և Բելառուսի տարածքից դեպի Կիև. քաղաքագետ
Իմ գնահատմամբ՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին արել է առաջարկներ, որոնց հիմնական մասը վերջիններիս համար անընդունելի են։ Սա հասկանում են և՛ Ռուսաստանը, և՛ ՆԱՏՕ-ն ու Միացյալ նահանգները։ Միևնույն ժամանակ, երեքն էլ հասկանում են, որ երբ ՌԴ-ի առաջարկների մեծ մասը մերժվի, այդ երկիրը չի կարող ի պատասխան ոչինչ չանել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ հավելելով, որ պարտադիր չէ՝ ստեղծված իրավիճակում ՌԴ-ն դիմի Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների։
«Դա կարող է լինել, ասենք, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչում։ Սա սցենար համար մեկն է։
Սցենար համար երկու. Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչում, բայց ոչ թե իրենց ներկա սահմաններով, այլ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններով, որովհետև հիմա դրանց 70 տոկոսը վերահսկվում է Ուկրաինայի կողմից։ Այսինքն՝ Ռուսաստանը կարող է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, բայց հայտարարել, որ այդ հանրապետությունների սահմանները նախկին Դոնեցկի և Լուգանսկի ամբողջական տարածքներն են, հետևաբար, Ուկրաինան փաստացի օկուպացրել է այդ հանրապետությունների առնվազն 70 տոկոսը»,- նշեց քաղաքագետը։
Հավանական երրորդ սցենարը, ըստ Բենիամին Պողոսյանի, կարող է լինել երկրորդ սցենարը՝ գումարած ՌԴ-ի կողմից հավանական ռազմական գործողությունները՝ օկուպացիային վերջ տալու համար։
«Սցենար համար չորս. սկսվում են առավել լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց նպատակը Դոնեցկից Մարիուպոլով մինչև Ղրիմ ցամաքային կապի հաստատումն է։ Կա ևս մեկ սցենար, որը ներառում է այս վերջին սցենարը՝ գումարած Օդեսայի գրավում։ Սրանով Ուկրաինան ընդհանրապես զրկվում է Սև ծով ելքից։
Շատ ավելի լայնածավալ սցենար է Խարկովի ուղղությամբ հարձակումը և այդ քաղաքի գրավումը։
Եվ ամենադաժան սցենարն Ուկրաինայի համար՝ լայնածավալ հարձակում միաժամանակ երկու ուղղությամբ՝ ՌԴ-ի տարածքից դեպի Խարկով և Բելառուսի տարածքից՝ դեպի Կիև»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն իր զինված ուժերը բերել է պատրաստականության աստիճանի և Ուկրաինայի մերձակայքում ռուսական ռազմական ուժերի կուտակման պատճառով լրացուցիչ նավեր ու կործանիչներ է ուղարկում Արևելյան Եվրոպա։