24/01/2022 17:03
Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը հետաձգվեց. պետք է ստանան իրենց հարցերի պատասխանները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հետաձգվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը:
Վարդազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանում խայտառակ իրավիճակ է դատական գործերի մակագրման հետ կապված, առգրավված են մակագրման համակարգիչները:
«Ճիշտ է արդյոք, որ սույն քրեական գործը ձեզ ձեռքով է մակագրվել», - դատավորից հետաքրքրվեց Սարգսյանը՝ ստանալով դրական պատասխան:
Վարդազարյանի պաշտպանը դատարանի նախագահին խնդրել էր տրամադրել ապացույց, որ իր պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակարգրելիս պահպանվել է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգը, այն է` մակագրությունը կատարվել է ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության:
Դատավոր Մանվել Շահվերդյանը հայտարարեց` քրեական գործը դատարան մուտքագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամի հետ կապված տվյալ չկա:
Երեմ Սարգսյանն էլ պնդեց` որպեսզի Ռուբեն Վարդազարյանը վստահ լինի, որ իր գործը քննում է այն դատարանը, որը օրենքով պետք է քններ, այսինքն` պատահականության սկզբունքով ընտրված, իրենց պետք են իրենց բարձրացրած հարցերի պատասխանները:
Պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը, մինչև կստանան բարձրացված հարցերի պատասխանները:
Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը կկայանա մարտի 21-ին՝ 16:00-ին:
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին դռնփակ նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասիհատկանիշներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը. նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին։