25/01/2022 21:54
Wall Street Journal. «Ինչպես կլուծվի Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցը»
Ամերիկյան հայտնի «Wall Street Journal» պարբերականն առանձին հոդվածով անդրադարձել է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մտադրությանը։
Վերլուծաբանների կարծիքով՝ այս գործարքն իրականանալու դեպքում ՆԱՏՕ-ի երկու դաշնակից պետությունների հարաբերություններում առաջացած կնճռոտ հարցերը՝ կապված Անկարայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու և ամերիկյան F-35 5-րդ սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային հեռացնելու հետ, կհարթվեն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դեռևս 2021-ին էր հայտարարել, որ ԱՄՆ–ն F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային հեռացնելուց հետո Անկարային առաջարկել է F-16 կործանիչներ ձեռք բերել։
Ըստ WSJ-ի՝ Վաշինգտոնի այս մտադրությունը, որը կարող է կանխել նաև ռուս-թուրքական հետագա մերձեցումը, վտանգի տակ է: Մասնավորապես նշվում է, որ ըստ ամերիկյան օրենքների՝ Բայդենի վարչակազմը պարտավոր է գործարքի մասին առաջարկի ձևով պաշտոնապես տեղեկացնել Կոնգրեսին, որը կարող է քննարկել այն կամ արգելափակել: Կոնգրեսին դեռևս պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին:
Պարբերականի համոզմամբ՝ շատ կոնգրեսմեններ կարող են դեմ հանդես գալ Թուրքիային կործանիչներ վաճառելուն: WSJ-ի հետ զրույցում ԱՄՆ-ի կոնգրեսականներից մեկի օգնականը նշել է, որ Թուրքիայի՝ F-16 գնելու պլանը կարող է Կոնգրեսում խոչընդոտների բախվել:
Մյուս կողմից էլ մասնագետները կարծում են, որ եթե Թուրքիային F-16 կործանիչներ չվաճառեն, դա կնշանակի, որ պատժում են Անկարային, իսկ դա կարող է դրդել Անկարային՝ նմանատիկ ռազմական ինքնաթիռներ գնել Ռուսաստանից: Դրանք կարող են լինել СУ-35, СУ-57 կամ 5-րդ սերնդի նոր նախագծված մեկշարժիչանի Checkmate կործանիչները: