25/01/2022 21:23
Սույն «լրատվամիջոցը» դատական կարգով ընդունեց, որ հերթական անգամ կեղծել է, ստել է, հորինել է հեքիաթներ․ Սոս Հակոբյանը՝ Արթուր Վանեցյանի վերաբերյալ ապատեղեկատվության մասին
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և նրա ընտանիքի անդամների մասին 2020 թվականին 1in.am լրատվական կայքի հրապարակած հոդվածի հիմքով ներկայացված հայցադիմումի ճակատագրին՝ նշելով, որ լրատվամիջոցը ստիպված է եղել դատական կարգով ընդունել, որ ապատեղեկատվություն է հրապարակել։
Հիշեցնենք՝ վերջերս 1-in.am-ը հերքել էր Արթուր Վանեցյանի վերաբերյալ տարածած տեղեկությունները, հերքման տեքստը տպագրել էր իր կայքում ու հաստատել, որ մայիսի իր հրապարակման մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող արտահայտություններ և որպես փաստ ներկայացվող տվյալներ:
Սոս Հակոբյանն այս առնչությամբ գրել է․
«Վերջին ժամանակներում շատ են հարցումները և հետաքրքրությունը Արթուր Վանեցյանի և իր ընտանիքի անդամների մասին 01.05.2020թ. 1in.am լրատվական կայքի կողմից հրապարակված փուչ և դատարկ հոդվածի հիմքով ներկայացված հայցադիմումի ճակատագրի վերաբերյալ:
Ինչպես միշտ, սույն «լրատվամիջոցը» ստիպված եղավ դատական կարգով ընդունել, որ հերթական անգամ կեղծել է, ստել է, հորինել է հեքիաթներ Արման Բաբաջանյանի կամ Նիկոլ Փաշինյանի քունը ավելի սահուն դարձնելու նպատակով:
Ասում են, ամեն ինչում դրական բան է պետք փնտրել. ես կարծես սկսեցի հասկանալ, թե ում նկատի ուներ ԱԺ պատգամավորը՝ «վերբալ մարմնավաճառներ» ասելիս: Ես անձամբ դեմ եմ նման բառապաշարին և այդպես չեմ անվանարկի ոչ 1in.am-ին, ոչ էլ civic.am-ին, հետևաբար՝ ասողի տրամաբանությունը վերը նշվածի համատեքստում անընդունելի, բայց հասկանալի եմ համարում:
1in.am-ի կողմից իր զրպարտչական տեղեկությունների հերքման տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.1in.am/3048222.html»։