25/01/2022 12:11
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության հերթական դրսևորումն է ցույց տալիս. Արծվիկ Մինասյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել և ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել», առերևույթ հերթական ծանր հանցագործության փաստն է արձանագրում, ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Սա կարելի էր վերագրել որպես չիմացության դրսևորում և անփութություն։ Բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, որը գնահատում ենք՝ ուղղված հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ, ապա առնվազն Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության հերթական դրսևորումն է ցույց տալիս», - ասաց Մինասյանը։
Նա հիշեցրեց, որ դեռևս 2011 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներրի վերաբերյալ պետական հանձնաժողով էր ստեղծված։
«Այդ հանձնաժողովը ՀՀ անունից հռչակագիր էր ընդունել։ Այդտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ», - նշեց Արծվիկ Մինասյանը։
Նա ասաց, թե նույն հռչակագրում նախագահի գլխավորությամբ արժևորվել է նաև իրավարար վճիռը՝ Սևրի դաշնագիրը։
«Այլ կերպ ասած՝ պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված է։ Հայ դատի օրակարգի կարևոր տարրերից մեկը սա է», - ընդգծեց Մինասյանը։