26/01/2022 18:06
ՀՀ նախագահը պետք է լինի այնպիսի մեկը, որը սեփական «ես» չունի և կատարելու է վարչապետի բոլոր կարգադրությունները. Արմեն Բադալյան
2018 թվականին Հայաստանում ձևավորված իշխանական համակարգն անձնակենտրոն կառավարման համակարգ է, ինչը նշանակում է, որ պետական և ոչ պետական մարմինները պետք է գտնվեն այդ համակարգում՝ սպասարկելու կոնկրետ մեկ մարդու շահերը։ Մինչ այս պահը երկու մարմին համակարգից դուրս էին՝ ՄԻՊ-ը և նախագահի ինստիտուտը, ինչն էլ իշխանությունն այժմ շտկում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի հավանական նշանակմանը։
«Ինչպես տեսանք, երեկ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց այնպիսի թեկնածու, որն ամբողջովի տեղավորում է անձնակենտրոն համակարգում և կոնկերտ մեկ մարդու շահ է սպասարկելու։
Վերջինը հանրապետության նախագահի ինստիտուտն է, որի մասին ՀՀ վարչապետն իր հարցազրույցում նշեց՝ այն պետք է ներդաշնակ լինի։ Եթե դա թարգմանենք խոսակցական լեզվով, ապա կստացվի, որ նախագահը պետք է գրպանային թեկնածու լինի։ Եթե հարցն այս կտրվածքով ենք դիտարկում, ապա ՀՀ նախագահը պետք է լինի այնպիսի մեկը, որը սեփական «ես» չունի և կատարելու է վարչապետի բոլոր կարգադրությունները։
Դա այն թեկնածուն է, որն անելու է ամեն ինչ, ինչ որ կասի վարչապետը՝ գտնվելով 100 տոկոս ենթակայության ներքո»,- ասաց Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա: