26/01/2022 12:26
«Նստեցինք, մոտ 45 րոպե զրուցեցինք»․ Էրդողանը հանդիպել է Պետրոս Շիրինօղլուի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Չանքայայի պալատում ընդունել է Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին, գրում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Շիրինօղլուն թուրքական «Akşam» թերթին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել այդ հանդիպման մասին։
«Մեր հանդիպումը եղել է այն հանդիպումներից մեկը, որն ամեն տարի ունենում ենք մեր նախագահի հետ։ Մամուլը գրում է, թե ինչ-որ խնդիր կա, որ հանդիպում եք մեր նախագահի հետ։ Բայց մեր նախագահը մեզ համար երբևէ դժվարություններ չի առաջացրել: Իր հետ ունեցած մեր հարաբերությունները ծայրաստիճան դրական և անկեղծ են։ Կարող եմ ասել, որ այն մտերմիկ բնույթի հերթական այցելություն էր։ Նստեցինք, մոտ 45 րոպե զրուցեցինք, կարոտներս առանք», - ասել է նա։
Շիրինօղլուի խոսքով՝ հանդիպման օրակարգում չի եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման։
«Այն իր հունով ընթանում է և մենք, ինչպես բոլորը, ուշի ուշով հետևում ենք զարգացումներին», - նշել է նա։