26/01/2022 21:20
Արայիկ Հարությունյանն ամբողջությամբ համապատասխանում է գործող իշխանությունների վարած քաղաքական գծին. Գագիկ Համբարյան
Արայիկ Հարությունյանն ամբողջությամբ համապատասխանում է գործող իշխանությունների վարած քաղաքական գծին, և բացարձակապես պետք չէ զարմանալ, եթե ՔՊ-ն վերջնականապես որոշի նրան ՀՀ նախագահ դարձնել։ Սա ավելի քան նորմալ կլինի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Հիշեցնելով, որ ոչ վաղ անցյալում Հարությունանը ղեկավարում էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները՝ մեր զրուցակիցը շեշտեց՝ վերոնշյալ անձն ամբողջությամբ ձախողել էր իրեն վստահված բնագավառները։
«Մի անգամ այդ մարդու հետ ստիպված հանդիպել եմ և մինչև օրս որևէ մեկի մասին ավելի վատ կարծիք չեմ կազմել, քան իր։ Շիրակի պետական համալսարանի դասախոսներիս խոստացել էր գալ. մինչև օրս գալիս է։
Ինչ վերաբերում է հանրապետության նախագահի պաշտոում իրեն տեսնելուն, ՔՊ-ի որոշումը շատ նորմալ է։ Նիկոլ Փաշինյանը կարող էր նույն Արայիկ Հարությունյանի մակարդակի մեկ այլ անձի «կարգել» այդ պաշտոնում, օրինակ՝ Արփի Դավոյանին, «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին կամ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որը 18-19 տարեկանում Ալեն Սիմոնյանին «պատվեր կատարող» էր անվանում, իսկ հիմա, երբ 29 տարեկան է դարձել, նրան «պարոն Սիմոնյան»-ով է դիմում»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա: